понедельник, 8 мая 2017 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՄԱՆԴՈՍԻ ՀԵՏ


ԱՆԱՀԻՏ ցուցասրահում տոնական տրամադրություն է` միանգամից երկու Հերոսների ենք հյուրընկալել` Արցախյան ազատամարտի խորհրդանիշ Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին և  Ապրիլյան պատերազմի հերոս` Շուլի Հակոբյանին: Վերջինս հորաքրոջս թոռն է ու մասնագիտական էթիկան ինձ թույլ չի տալիս նրա հետ հարցազրույց վարել: Նրա ներկայությունը հանդիսավորություն է հաղորդում մեր հանդիպմանը և ավելի  նպաստում իմ և Կոմանդոսի զրույցի ընթացքին:

   Գործընկերներս  բազմիցս էին  պատմել, թե  Գեներալն իր մասին խոսել չի սիրում, այդ մասին է վկայում  համացանցը, ուր կցկտուր տեղեկություններ կան Հերոսի մասին:      Ու մինչ հանդիպումը մտածում էի`կստացվի  արդյո՞ք իմ զրույցը  Կոմանդոսի  հետ:  Կարծում եմ`ստացվեց: Ճիշտ է, ոչ այնպես , ինչպես ես էի ուզում, այլ` այնպես,  ինչպես ինքը ցանկացավ: Էդպես էլ պիտի լիներ`  հրամանատարը նա է

-  Տարիներ առաջ Թիֆլիսը  ինտերնացիոնալ  քաղաք էր, ուր կողք-կողքի տարբեր ազգության  մարդիկ էին բնակվում: Մեր բակում բոլորս անչափ մտերիմ էինք միմյանց հետ`լիներ  հայ, թե  վրացի, ադրբեջանցի, թե՛ մոլոկան կամ` թե՛ ` հույն : Եվ պատկերացրեք, երբ սոցիալական վիճակը Վրաստանում վատթարացավ , մեր հույն հարևանը եղբորս Հունաստան տարավ ու մինչև հիմա նա այնտեղ է ապրում: Մենք միշտ էլ  հաշտ և համերաշխ էինք ապրում և  երբևէ որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ մենք միմյանց  հետ կթշնամանանք: Այն  տարիներին  մեզ մտերմացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը `համընդհանուր դժվարություններն ու ցավը կարծես միավորել  էր մեզ:Մենք առիթները  բաց չէինք թողնում հավաքվելու  և մի սեղանի շուրջ նստելու ու միմյանցով ուրախանալու համար : Այնտեղ ուրախությունը և տխրությունը լռությամբ էր սկսվում, բայց միշտ երգով էր ավարտվում: Եվ  այդ երգերը  մինչև հիմա ականջներիս մեջ են:: Չնայած այն տարիներին կյանքը բավականին դժվար էր, մենք լիարժեք և հետաքրքիր կյանքով էինք ապրում`  որևէ թատերական կամ օպերային ներկայացում բաց չէինք թողնում, այցելում էինք թանգարաններ և ցուցահանդեսներ: Երևի թե Թբիլիսիի մշակութային դեմքը հենց այդ կերպ էր դրսևորվում:  Մի դեպք հիշեցի` երբ իններորդ դասարանում Տոլստոյի << Աննա Կարենինա>>  էինք անցնում, դասի ժամանակ ասեցի, որ Աննա Կարենինան ընդամենն անբարո կին էր, քանի որ ինձ  համար անհանսկանալի էր , թե ինչու է հրաշալի ամուսին ունեցող կինը մեկ ուրիշին սիրում և ամուսնուն դավաճանում : Եվ իմ գրականության ուսուցչուհին`Թումանովան, ով հայ էր ,  ինձ երկու նշանակեց և ծնող կանչեց , մինչդեռ իմ վրացուհի դասղեկը մինչև վերջ ինձ էր պաշտպանում`ասելով, որ աշակերտն իրավունք ունի իր կարծիքն ունենալ: Ի դեպ, դպրոցում լավ սովորելով հանդերձ, բավականին չարաճճի եմ եղել: Դպրոցի մուտքի մոտ փակցված <<Բարի գալուստ>> պաստառը տարել ,  գերեզմանոցում  եմ փակցրել: Բնականաբար, մի լավ ծեծ եմ կերել, հետո էլ`դպրոց ծնող էին կանչել: Ես էլ տատիկիս էի բերել, ով միայն հայերեն գիտեր: Երբ ուսուչցուհին բողողում էր ինձանից, ես տատիկիս հակառակն էի թարգմանում, թե` ուսուցիչն ինձ է գովում: Տատս էլ ուրախ-ուրախ հայրիկիս փոխանցեց, թե դպրոցում շատ  գոհ են ինձանից ու հիմա էլ նրան  են կանչել: Բնականաբար, հորս պատմեցին եղելությունը ու ես մի ապտակ ստացա նրանից:  Ուզում եմ խոստովանել, որ եթե  դպրոցում լավ եմ սովորել, պատճառն այն է եղել, որ չեմ ցանկացել գոմում կովի տակը մաքրել: Եվ աշխատանքից խուսափելու համար, ողջ օրը դաս եմ  սովորում: Եվ  լավ սովորելու պատճառը հենց սա է եղել/ քահ-քահ ծիծաղում է/ :
- Ի՞նչը նպաստեց զինվորականի մասնագիտության ընտրությանը:
- Այս  հարցում մեծ դերակատարություն ունեցավ այն միջավայրը, ուր ապրում էի: Թբիլիսիի մեր տունը շրջապատված էր տարատեսակ  զորանոցներով և հրաձգարանով: Եվ զինվորականների առօրյան իմ աչքի առջև էր ընթանում  ` նրանց հանդիպում էի ամեն քայլափոխի: Սաքոն , ով մեր բարեկամն  էր , խինկալիանոց  ուներԱյնտեղ մենք հաճախ էինք լինում  և  միշտ զինվորականների հանդիպում:Նրանց հնարավոր էր հանդիպել նաև կինոթատրոնում, ուր շաբաթ-կիրակի օրերին էին հաճախում: Չմոռանամ նշել, որ հորեղբայրս ևս զինվորական էր: 
_ Դուք զինվարականի  փայլուն կրթություն եք ստացել և կասկած չկա, որ ուսումնառության տարիներին, երազել եք որևէ զորավարի նմանվել: Ովքե՞ր են եղել ձեր երիտասարդ տարիների կուռքերը;
- Գիտեք` այն օրվանից, երբ զինվորականի հագուստ ես հագնում, երազում ես գեներալ դառնալու մասին: Կարծեմ`նմանատիպ մի բան Նապոլեոնն է ասել: Սպորտի նկատմամբ հետաքրքրությունս դեռևս 8-րդ դասարանից է դրսևորվել: Դպրոցի պատիվը բարձր պահելու համար հաճախ մրցույթների էինք գնում: Առաջին մարզաձևը, որով զբաղվեցի,  բռնցքամարտն էր: Հետո, երբ ինձ մի լավ ծեծեցին, որոշեցի բազկամարտով զբաղվել, այնուհետև`վազքով: Ասածս այն էԶինվորական ուսումնարանում սովորելու առաջին իսկ  օրվանից ամեն ինչ հեշտությամբ էր առաջ գնում  և   ինձ մնում էր միայն ընկերներիս օգնել: Մեծ բախտավորություն է, երբ ի սկզբանե  հասկանում ես, թե որն է այս կյանքում  քո իրական  առաքելությունը:
- Զինվորականի տաղանդը և հմտությունները ռազմի դաշտում են դրսևորվում: Ի՞նչը կարող է  ամենից շատ ուրախացնել հրամանատարին:
- Ինձ թվում է, չեք զարմանա, եթե ասեմ, որ իմ ամենամեծ ուրախությունը Շուշիի ազատագրման ժամանակ  եղել : Եվ պատճառն այն էր, որ բոլորը բացառում էին մեր հաղթանակը`պատճառաբանելով, թե Շուշին ազատագրելու համար  10 հազար մարտիկ է հարկավոր: Իսկ մենք այլընտրանք չունեինք, այդ պատճառով էլ որոշեցինք 2500 ազատամարտիկներով գործի անցնել: Զարմանալի քաջարի ազատամարտիկներով էր համալրված Շուշիի գումարտակը: Հենց նրանց բացառիկ քաջության շնորհիվ էլ գրանցվեց հաղթանակը: Ճիշտ է, օպերացիային նախապատրաստվել էինք ամիսներ առաջ, սակայն ազատագրումը 26 .5 ժամ տևեց: Առավոտյան 4:30-ին Շուշին լիովին ազատագրված էր ու պատկերացնում եք, չգիտեի, թե էդ ժամին ում հետ կիսեի ուրախությունս: Միակ բանը, որ ինձ մնում էր անել, գնալ, քնելն էր, քանի որ օրգանիզմս  այլևս չէր դիմանում: Հետո,  երբ արթնացա,  հասկացա, որ ամենաուրախալի պահերը բաց եմ թողել: Բայց միևնույնն է, հաղթանակի բերկրանքը, ուրախության զգացողությունն  երկար ժամանակ չէր լքում ինձ: 
- Խաղաղ պայմաններում թերևս զինվորականն իր փորձն է փոխանցում երիտասարդ սերնդին: Ու երբ ազատ ժամանակ է մնում, սրտամոտ որևէ գործով է զբաղվում: Էսպես հարցնեմ` որևէ նախասիրություն ունե՞ք 
- Տարիներ առաջ, երբ կնոջս հետ ինչ-որ երկիր էինք այցելում  , նա դրոշմանիշներ էր իր հետ բերում, իսկ ես` մետաղադրամներ: Մի ամբողջ հավաքածու էր ձևավորվել, հիմա դրանց մեծ մասը թոռնիկներիս եմ նվիրել: Իսկ հիմա սիրում եմ քարեր հավաքել: Քանի որ Հայաստանը քարերի երկիր է, ցանկություն առաջացավ մեր  Հայրենիքը խորհրդանշող առանձնահատուկ հավաքածու ստեղծել: Այս պահին ամենից շատ Մարտունուց  եմ քարեր բերել:Դրանք երբ կտրտում ես, արտակարգ գեղեցիկ տեսք են ստանում: Նայում ես սովորական քար է, իսկ մասերի բաժանելուց հետո պարզվում է`  արտակարգ գեղեցիկ ագաթ է: Դեռևս Հայաստանի տարբեր շրջաններից եմ քարեր հավաքում:
- Ի՞նչ երազանքներ և ցանկություններ ունի այսօր Արկադի Տեր-Թադևոսյանը:
-Ես ուզում եմ, որ հայ զինվորը, նախ և առաջ, պրակտիկ գիտելիքներ ունենա: Այդ ամենն հատկապես անհրաժեշտ է անսպասելի հարձակումների ժամանակ, որպեսզի  առաջնագծում  կարողանա արագ և համարձակ գործողություններ ձեռնարկել: Այսօր մեր զինվորական կրթությունը վերանայման կարիք ունի, չեմ ուզում, որ ապագա զինվորականներն իրենց ժամանակն անպետք և անօգտակար գիտելիքների ձեռք բերելու  վրա ծախսեն` նրանց բնավ հարկավոր չէ ամիսներով մեքենաների շարժիչի կառուցվածք ուսումնասիրել կամ բարդ մաթեմատիկական հաշվարկներ անել: Ամենակարևորն այսօր ժամանակակից տեխնիկայով վերազինված և առաջնագծում արագ կողմնորոշվող զինվորականներով համալրված բանակ ունենալն է: Մեր զինվորներն արտակարգ քաջ և համարձակ մարտիկներ են, դրանում մենք համոզվեցինք ապրիլյան պատերազմի ժամանակ: Մնում է  անընդհատ կատարելագործվենք ու միշտ պատրաստ լինենք:
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
21. 04 – 09. 5. 2017
Արկադի Տեր-Թադևոսյան, Անահիտ Կորյուն և Շուլի Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий