среда, 17 февраля 2016 г.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԻՆՆԵՐՈՐԴ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԵՎ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՂԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ....

Չգիտեմ աշխարհում կգտնվի մի մարդ , ում նկարիչը իրեն դիմանկարելու առաջարկ անի ու ինքը մերժած լինի: Անշուշտ, ես չէի կարող հրաժարվել իմ իններորդ դիմանկարն ունենալու հնարավորությունից:

Եվ ահա երկրորդ անգամ Վաղիկ Խաչատրյանի արվեստանոցում եմ հյուրընկալվել` սովորության համաձայն երկուստեք ստեղծագործական ընթացք է ծավալվել`նկարիչն իմ  դիմանկարն է ստեղծում, իսկ ես բազմաբնույթ հարցերի միջոցով դիմանկար-ակնարկ եմ պատրաստում:
Վաղիկ Խաչատրյանը ծնվել է Սևանի շրջանի Զովաբեր գյուղում: Նկարչության նկատմամբ  սերն ու հետաքրքրությունը դրսևորվել է մանկական տարիքից, երբ առաջին անգամ հայտնվել է մորեղբոր` Ռևիկ Խաչատրյանի  արվեստանոցում: Սկզբում նկարում էր ինքնուրույն`մատիտով, այնուհետև ջրաներկով և գուաշով: Մի օր էլ հանդիպում է սևանցի նկարիչ Յուրա Մանուկյանին, ով եթե առաջին անգամ չի հավանում պատանու աշխատանքները, ապա երկրորդ անգամ պարզապես հիանում է պատանու շնորհներով: Վերջինս ուղղորդում է սկսնակ նկարչին, ով հետո իր ուսումը 1977- 1979 թթ շարունակում է Երևանի  թիվ 8 Գեղարվեստի ուսումնարանում: Այնուհետև զորակոչվել է  խորհրդային բանակ, որից հետո գեղանկարիչ Թարզյանի օգնությամբ  ընդունվում է Մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ` 1981- 1987 թթ: Այստեղ նա մասնագիտական կրթություն է ստանում և որպես ուսուցիչների  նշում է գծանկարի դասախոս Վալերի Խաչատրյանի և գեղանկարիչ Լևոն Կոջոյանի անունները:
  1985 թ. հայրենի Զովաբերի Մշակույթի տանը երիտասարդ գեղանկարիչն առաջին անհատական ցուցահանդեսի բերկրանքն է վայելում, բազմաթիվ խրախուսանքների արժանանում, որից հետո սկսում է հանրապետական ցուցահանդեսների մասնակցել, իսկ 1990 թ. Երևանում Ժուռնալիստի տանը երկրորդ անհատական ցուցահանդեսն է ունենում: Այնուհետև առջևում մութ ու ցուրտ տարիներն էին,  և Վաղիկ Խաչատրյանը փնտրում - գտնում է այնպիսի մի  տարբերակ, որը հնարավորություն կընձեռեր թե կենսական հարցեր լուծել, ինչպես նաև չհեռանալ արվեստից: 1997-2001 թթ. խաչքարագործությամբ է  զբաղվել,   բազմաթիվ որմնանկարներ է ստեղծել` վերջին նկարազարդումը 2015 թ.  Վլադիմիրի նորակառույց հայկական եկեղեցում է իրականացրել:
Այսօր Վաղիկ Խաչատրյանն արվեստ վերադառնալու ներքին պահանջ է զգում` հետաքրքիր մարդկանց հանդիպելիս, նրանց միանգամից կտավի հարթություն է տեղափոխում: Նա մեծ սիրով իր մանկական հուշերն է նկարում`իրենց գյուղն իր առօրյա կյանքով ու հոգսերով: Վաղիկ Խաչատրյանը հույս ունի, որ նկարների քանակը արագորեն կհամալրվի և մոտ ապագայում պատրաստ կլինի անհատական  ցուցահանդեսի:
Երբ Վաղիկին ուղղված հարցերս սպառվեցին և ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստացա, նկատեցի, որ իմ դիմանկարը ևս պատրաստ է:

Երկու օր հետո  իմ իններորդ դիմանկարը իր արժանի հանգրվանը կգտնի մեր տանը…
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ 17.02. 2015

Комментариев нет:

Отправить комментарий