вторник, 16 февраля 2016 г.

ԱՆԱՀԻՏԸ ԱՆԱՀԻՏԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ

Անահիտ Կորյունի անունը  (Մանուկյան) արվեստասերները հաճախ նույնացնում են գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի հետ: Հատկապես մարդիկ հիշում են Անահիտի պայքարը Էդուարդ Արծրունյանի <<Հայաստան>> որմնանկարի համար, որը նկարչի կենդանության օրոք ոչնչացված է համարվել, մինչդեռ Անահիտի մասնագիտական պատասխանատվության և  Էդուարդ Արծրունյանի արվեստի նկատմամբ հոգատար վերաբերմունքի  շնորհիվ  այն  ոչ միայն անվնաս է հայտնաբերվել, այլև 6 ամիսների ընթացքում մշակութային հուշարձանի կարգավիճակ  ստացել` դասվելով  Հայաստանի 20-րդ դարի լավագույն որմնանկարների շարքը:
Չնայած այն հանգամանքին, որ Անահիտը լրագրողական կրթություն ունի, սակայն արդեն 12 տարի  է, ինչ  արվեստի  ոլորտում է աշխատում` այս ասպարեզում նա իր գործունեությունը սկսել է դասական երաժշտության երեկոներ կազմակերպելով` մեկ տասնյակից ավելի համերգներ, հետո` լրագրությամբ է զբաղվել, այնուհետև 2009 թ.    հայտնվել է  ՀՀ  ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի արվեստանոցում և ինչպես նա  է ասում` Արծրունյանի թեթև ձեռքով լրագրողից փոխակերպվել է արվեստաբանի: Վարպետի կենդանության օրոք նկարչի 80-ամյա հոբելյանին նվիրված երկու խոշոր ցուցահանդեսներ է իրականացրել Երևանում և Գյումրիում, իսկ 2010 թ` արվեստագետի  մահվանից հետո, ՖԲ սոցիալական ցանցում «Էդուարդ Արծրունյան » էջն է ստեղծել, որի գոյության 5 տարիների ընթացքում 2 գիրք է հրապարակել ,  նկարչին նվիրված շուրջ 15 միջոցառումներ   իրականացրել ՀՀ մարզերում : Չմոռանանք նշել, որ հրապարակած ` «Ամենանկարիչ նկարիչը», «Արծրունյանական գլուխգործոցներ»  գրքերն էլ  նվիրաբերել է Երևանի քաղաքային և գրեթե բոլոր մարզային գրադարաններին:
 Անահիտը նաև եղեգնաձորցի գեղանկարիչ Կամսարի  առաջխաղացմամբ է զբաղվել` նրա ՖԲ էջն է  զարգացրել, որի արդյունքում նույն տարում` 2013 թ. նրա անհատական ցուցահանդեսն է իրականացրել և իր առաջին պատկերագիրքը հրապարակել:
Եվ քանի որ Անահիտը բնույթով հետաքրքրասեր, միշտ նորը փնտրող տեսակ է, անցած տարի` 2015 թ, մասնագիտական հմտությունները զարգացնելու  արդյունքում նրա մոտ   բազմաթիվ նոր գաղափարներ են ծնվել: Սկզբում նա իր ուժերը տուրիզմի ոլորտում է փորձել, այնուհետև ձեռնամուխ է եղել իր վաղեմի երազանքի իրականացմանը` «Եթե անկեղծ խոստովանեմ, տարիներ առաջ երազում էի Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսը վերահրապարակել: Սակայն ամսագիր հրապարակելու գաղափարը  առցանց  ցուցասրահ ստեղծելու գաղափարի  փոխակերպվեց: Վերջինս   երկու կարևոր նպատակներ է հետապնդում`  հայկական կերպարվեստը և հայազգի արվեստագետներին հանրահչակել, ինչպես նաև գրագետ կերպով նրանց գործերի վաճառքը կազմակերպել:  Պիտի խոստովանեմ, որ « Անահիտ» -ում  ներկայացված բոլոր արվեստագետներն էլ անչափ սիրելի են իմ կողմից ու ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ նրանք լավագույնն են: Ու լավագույնն են  ոչ թե նրա համար, որ ես այդպես եմ կարծում, այլ այն  պատճառով, որ նրանք իսկական  արվեստագետին բնորոշ ճանապարհ են անցել և  արվեստային մեծ հաջողություններ գրանցել: Ու այդ ամենին կարելի է ծանոթանալ նրանց կենսագրություններն ուսումնասիրելով: Որքան որ հաճելի ,  նույնքան էլ պատասխանատու գործ է  նման արվեստագետների հետ համագործակցելը», - ասում է Անահիտը:
 Սկսնակ գործարարը պատմում է, որ   այս տեսակ շրջադարձը, ոգևորվածությունը մի հրաշալի մարդու անմիջական մասնակցությամբ  է տեղի ունեցել, ով ցուցասրահի ստեղծման նախնական փուլից  միշտ  ուղղորդել  է իրեն: Խոսքը  կորեաբնակ գեղանկարիչ  Տիգրան Հակոբյանի մասին է, ում նա անչափ երախտապարտ է:
Այն հարցին, թե Հայաստանում արդյո՞ք ակտուալ է նման նախագծով ներկայանալը, Անահիտն ավելի, քան համոզված է, որ ցուցասրահի գոյությունը պարզապես անհրաժեշտություն է`« Իրական ցուցասրահ բացելը մեծ դժվարությունների հետ է կապված, մինչդեռ առցանց ցուցասրահները պետք է հիմա Հայաստանում մեծ քանակություն կազմեին: Ի տարբերություն արվեստի մյուս ճյուղերի, մեր կերպարվեստը բավականին բարձր մակարդակ ունի, մինչդեռ հայ կերպարվեստագետներին մեր  հասարակությունը չի  ճանաչում, այսինքն հայ ժամանակակից կերպարվեստը հանրահռչակման կարիք ունի: Իսկ եթե խոսենք արվեստի շուկայի մասին, ապա պիտի ասենք, որ արտ մարքեթինգը սաղմնային վիճակում է : Եվ այս շուկան կարող է արագ զարգանալ` ի բարօրություն հայ արվեստագետների և մեր մշակույթի: Ես կարծում եմ, որ լավ արվեստագետը պիտի լավ  ապրի: Դարեր շարունակ այդպես է եղել Եվրոպայում, այժմ էլ` թե՛ Եվրոպայում և թե՛ Ռուսաստանում:Այդ պատճառով է, որ հայ արվեստագետը հայտնվելով նույն  Եվրոպայում կամ Ռուսաստանում շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների է հասնում: Իսկ մեզանում լավ արվեստագետները չգիտես թե ինչու ստվերում են ու օրվա հաց վաստակելու խնդիր ունեն….Իսկ  ես նպատակ ունեմ  «Անահիտի»  միջոցով հայկական կերպարվեստը ճանաչելի դարձնել ու գրագետ արթ մարքեթինգ իրականցնելու արդյունքում հայրենի արվեստագետներին օգտակար լինել: Հուսամ, որ ինձ մոտ կստացվի», - ասում է Անահիտ Կորյունը:
  Իսկ մենք ավելի քան համոզված ենք, որ կստացվի. նա այնպիսի սիրով ու ոգևորվածությամբ է ներկայացնում հայ արվեստագետներին, որ ես որ ընդամենը լրագրող եմ  ու առանձնապես նկար գնելու ցանկություն չունեմ , մեր հանդիպումից հետո որոշեցի Անահիտի ցուցասրահից  նկար գնել:
Անի Սարգսյան



Комментариев нет:

Отправить комментарий