вторник, 8 декабря 2015 г.

ՎԱԶԳԵՆ ԲԱԺԲԵՈՒԿ- ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԻՇԵԼԻՍ...



2 օր առաջ Ժամանակակից արվեստի թանգարանում էի ու ակամայից իմ  ընկերոջը`Վազգենին Բաժբեուկ- Մելիքյանին հիշեցի: Նրա հետ Ազգային պատկերասրահում` 1999 թ. ամռանն էի ծանոթացել , երբ հոր `Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի նկարներին էր այցելության եկել:Այսօրվա նման հիշում եմ նրա խոսքերը` իմ պապան հայ նկարչության Քուչակն է...
 1 տարի անց, երբ Նկարիչների Միությունում բացվեց Վազգենի առաջին անհատական ցուցահանդեսը, ես իմ համալսարանի դասերը թողած, ամեն օր Նկարիչների Միություն էի շտապում:Այն ժամանակ ձայնագրիչ չունեի ու իմ գրառումների տետրը` մոտ 30 էջ, լցվել էր իմ և Վազգենի զրույցներով` է՛լ Ալեքսանդր Բաժբեուկ -Մելիքյան, է՛լ Փարաջանով, է՛լ Մայա Պլիսեցկայա: Գումարած այս ամենին այն , որ Վազգենը թաքնագիտությամբ էր տարված ու նա բոլորովին մի ուրիշ աշխարհ բացահայտեց ինձ համար: Այն ժամանակ մայատնիկը` ճոճանակը, նոր երևույթ էր մեր իրականության մեջ և հայ ֆիզիկոսներից մի քանիսը այցելել էին նրա ցուցահանդես ու ստուգել նրա նկարների էներգետիկան: Որքան էր ուրախացել, երբ գիտնականները հայտնել էին, որ նրա նկարները բացառապես դրական էներգիա են ճառագումԱնահիտ ջան, էս բոլոր գործերը տառապանքով, մեծ սիրուց ծնված գործեր են, սրանք մեդիտացիայի արդյունքում ստեղծված աշխատանքներ են: Ու ես երջանիկ եմ, որ իմ նկարները միայն դրական էներգիա են փոխանցում մարդկանց: Չէ՞ որ, արվեստի նպատակը այս դժվար կյանքում մարդկանց ուրախություն պարգևելն է» : Այդ խոսքերը նա հենց այնպես չէր ասում` ամեն առավոտ նա Զանգվի ձոր էր իջնում և իր բոլոր խնդիրները ջրին հանձնում , նոր հետո արվեստանոց բարձրանում, որպեսզի մաքրագործված ստեղծագործի:
Վազգենն իմ միակ նկարիչ ընկերն է, ում արվեստանոց երբևէ չեմ այցելել: Մեր հանդիպումները բացառապես կայանում էին Պապլավոկի այգում, որտեղ նա հատուկ իր նստարանն ուներ, ուր նստած սպասում էր Պուշկինի դպրոցում սովորող որդու` Սարգսի դասերի ավարտին: Իսկ ես եթե չէի շտապում, ապա ժամերով զրուցում էինք:
Վազգենը բացառիկ արվեստագետ էր և իր բացառիկությունն իր ոգեղենության և գերզգայնության մեջ էր: Նա աշխարհն այնքան նուրբ էր ընկալում, մարդկանց այնքան նրբորեն էր սիրում, որ անտարբերությանն ու անսերությանը չդիմացավ...
Մտածեց, թե այնտեղ ավելի լավ է...
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

8.12.2015

Комментариев нет:

Отправить комментарий