четверг, 24 декабря 2015 г.

Հետցուցահանդեսային `Գագո Չթչյանի և Հայկ Մեսրոպյանի ցուցահանդեսի առիթով

Հայկ Մեսրոպյան և Գագո Չթչյան` երկու չափազանց հետաքրքիր , իրենց ոճն ու դիմագիծն ունեցող արվեստագետներ, ովքեր արվեստային մեծ հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում: Եվ ահա նրանք  Ժամանակակից արվեստի թանգարանում օրերս  ներկայացան  «Դուետ» ցուցահանդեսով:  

Հայկ Մեսրոպյանի և Գագո Չթչյանի ընկերությունը սկսվում է դեռևս 1984 թվականից, երբ նրանք Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի սաներ  էին և այն ավելի է  ամրապնդվում  90 – ականներին Մոսկվայում, երբ սկսեցին միասին ցուցադրվել Մոսկվայի կենտրոնական տանը: Այնուհետև Գագոն ընտանիքով հաստատվում է Չեխիայում, իսկ Հայկը` Շվեյցարիայում: Այսօր Հայկ Մեսրոպյանը Շվեյցարիայում  ամենաճանաչված արվեստագետներից մեկն է, իսկ առանց Գագո Չթչյանի անհնար է պատկերացնել  միջազգային որևէ հայտնի արտ բիենալե կամ տոնավաճառ:  2009 թ. Գագո Չթչյանը ընտանիքով բնակվում է Հայաստանում: Իսկ Հայկ Մեսրոպյանն  էլ `Շվեյցարիայում և Հայաստանում: Անշուշտ,  երբ Հայկը գտնվում է Հայաստանում, միշտ ստեղծագործական նախագծեր են ծնվում: Եվ ահա այս ցուցահանդեսն էլ դրանցից մեկն է: Կարծում եմ` ավելորդ կլինի անգամ նշել, որ այս երկու արվեստագետների աշխատանքները  ներդաշնակորեն լրացնում են միմյանց: Երկուսն էլ լինելով ինքնատիպ, յուրօրինակ մտածելակերպ ունեցող արվեստագետներ, թերևս նրանց միավորում է այն փաստը, որ երկուսն էլ ստեղծագործում են զգայական մակարդակներում և նրանց աշխարհընկալումն ու կենսափիլիսոփայությունը  նույնն է` Հայկ Մեսրոպյանը և Գագո Չթչյանը բաց հայացքով և սիրով լի աչքերով են նայում աշխարհին: Եվ նրանց արվեստի ակունքներում  սերն է` իր բյուրեղացած և  նրբագույն ելևէջներով:  
   Վերևի հարևանը
Սերը միակ զգացմունքն է, որը մեր մեջ է ի ծնե, սակայն չգիտես թե ինչու,  այն թաքցնում ենք ամենախորքերում ու ամաչում բարձրաձայնել, խոսել  նրա  մասին: Եվ միշտ այնպես է ստացվում, որ դիմացինը կամ վերևի հարևանն ավելի երջանիկ է, քան մենք: Մինչդեռ երջանկության բանալին մեր ներսում է` մենք պետք է ամենաթաքնված անկյուններից սերը դուրս հանենք ու պարզապես   արտահայտվենք  դրա  մասին `« Միգուցե վերևի հարևանն ավելի երջանիկ է , քանի որ նա սիրում է իր կնոջ կամ սիրած աղջկա ձեռքի փոսիկը և բարձրաձայնում է այդ մասին: Սա նշանակում է, որ վերևի հարևանը համարձակ է ու խոսում է այն մասին, ինչի մասին մենք  բոլորս ցանկանում ենք» - այսպես ներկայացրեց իր «Վերևի հարևանը» նախագիծը Հայկ Մեսրոպյանը: Նա նշեց, որ արվեստն իր արտահայտչալեզուն է, որի միջոցով ինքը պարբերաբար աշխարհի և մարդկանց հետ երկխոսում է իր մեջ առկա  սիրո մասին:
«Վերևի հարևանը» նախագիծը  սիրով ապրելու և երջանիկ լինելու կոչ է, քանի որ Հայկ Մեսրոպյանը վաղուց արդեն իր համար բացահայտել է մի պարզ ճշմարտություն, որ մարդուն շատ քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար և իրականում սիրո վրա է հիմնված կյանքում ամեն գեղեցիկ բան:
Անահիտ Կորյուն
24.12.2015
Գագո Չթչյան. Զինվորը

Հայկ Մեսրոպյան. Սիրտս բաց է քեզ համար 

Комментариев нет:

Отправить комментарий