воскресенье, 25 января 2015 г.

ԻՆՉՊԻՍԻ ՄԱՐԴ ,ԱՅՆՊԻՍԻ ԱՐՎԵՍՏ

Նոյեմբերի վերջերին էր, երբ մեքենայով երթևեկելիս Լենիգրադյան փողոցի կանգառներից մեկում   Ֆելիքս Եղիազարյանին տեսա: Մտածեցի` ինչ լավ է` նկարիչը Հայրենիք է վերադարձել: Որոշ ժամանակ անց էլ մամուլից տեղեկացա, որ օրեր առաջ ԱՄՆ-ում` երկար հիվանդությունից հետո, նկարիչը վախճանվել է: Անկեղծ ասած, այդ լուրը ցնցեց ինձ` նախ այն, որ նկարիչն այլևս չկա և այն, որ քանիերորդ անգամ նման խոհրդավոր իրավիճակների եմ բախվում: 
Տարիներ առաջ նկարչի մասին նյութ էի հրապարակել ու իմ արխիվում նրա աշխատանքների մի քանի լուսանկարներ են պահպանվում,այսօր դրանք  մեծ սիրով արվեստասերի դատին եմ հանձնում: Այս կերպ  ինձ թեթևացած եմ զգում, բացի այդ շատ եմ ուզում, որ Ֆելիքս Եղիազարյան արվեստագետին Դուք ևս ճանաչեք. նա շատ արժանի է:

 Ինչպիսի մարդ, այնպիսի արվեստ: Նախ սկսենք նրանից, որ այս մարդուն որտեղ էլ հանդիպես, միանգամից կռահում ես` արվեստագետ է: Գեղանկարիչ Ֆելիքս Եղիազարյանը եվրոպացու արտաքին ունի.կապուտաչյա է, արտիստիկ, փոքր-ինչ հեգնոտ: Նրա արվեստանոցում քեզ Փարիզում ես զգում և դա հաստատ նրա կտավներից է: Ֆելիքս Եղիազարյանի արվեստի արմատները մեզ հեռավոր Եվրոպա են տանում: Նրա արվեստն այնքանով է հայեցի, որ նա ազգությամբ հայ նկարիչ է` թերևս այսքանը:
 Հաճախ այնքան ենք շտապում, որ չենք էլ նկատում մեզ շրջապատող մարդկանց և երևույթները, երևի թե մի պարզ պատճառով` դրանք անմիջական առնչություն չունեն մեզ հետ: Իսկ արվեստագետի ամենատես աչքը այդ ամենը ոչ միայն նկատում, այլև` արվեստի հարթություն է տեղափոխում: Հոգ չէ, որ կյանքում մարդը հասարակ բանվոր է կամ էլ `առանձնանում է բնավորության տարօրինակություններով. Ֆելիքս Եղիազարյան գեղագետն իր արվեստում ի զորու է նրանց օժտելու անսահման հնարավորություններով:
   Արվեստը բաց տարածք է` այն ենթադրում է տարածական և ժամանակային բազմազան համադրություններ: Վերջին տարիներին նկարիչը <<Հիշատակներ Վերածննդից>> նկարաշարն է ստեղծել, որտեղ մեր ժամանակակիցները, առարկաներն ու երևույթները Վերածննդյան ժամանակաշրջանից վեհություն և նրբագեղություն են ձեռք բերել: <<Արվեստում կարևորը նպատակն է, գաղափարը, ասելիքը: Միջոցները`յուղաներկ, թե տեմպերա, կտավ, թե ստվարաթուղթ, կարևոր չէ>>- ասում է Ֆելիքս Եղիազարյանը: Այդ է պատճառը, որ նկարիչն իր ստեղծագործական գործունեության ընթացքում չի խուսափել արտահայտչամիջոցների  և ոճերի բազմազանությունից`ռեալիզմ , աբստարկցիա, ֆիգուրատիվ նկարչություն և էքսպրեսիոնիզմ:
  2006 թվականին արվեստագետն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Այդ առիթով նկարիչն ասում է` << Ոչ միայն արվեստագետի, այլև` բոլոր մարդկանց համար էլ հաճելի է, երբ արածդ գործը նկատում են և առավել հաճելի` երբ գնահատում են>>: Ֆելիքսը չի սիրում խոսել իր մասին` << Իմ ողջ ասելիքը կտավներումս է ամփոփված: Ինչ վերաբերում է արվեստին, ապա կարծում եմ, որ այն չպետք է ինքնանպատակ լինի, այլ` փոխկապակցված հասարակության հետ: Որպես նկարիչ, իմ գործառույթը տեսնում եմ ցուցահանդեսներով հանրությանը պարբերաբար ներկայանալու մեջ: Այն ժամանակ է նկարիչն իմանում, թե որքանով է ընդունելի մարդկանց կողմից: Արդյունքում`արվեստագետը ձեռք է բերում համակիրներ, համախոհներ: ամենակարևորն էլ հենց դա է արվեստագետի համար: Հաճախ կարելի է լսել, թե իբրև գեղեցիկը կփրկի աշխարհը: Դա լավատեսների հորինվածքն է: Արվեստը միայն կարող է որակապես փոխել, հարստացնել անհատի ներաշխարհը, օգնել կյանքի դժվարություններն ու խոչընդոտներն ավելի արագ հաղթահարելուն>>-համոզված է նա:
Այն հարցին, թե ինչ անելիքներ ունի մոտ ապագայում, նկարիչը պատասխանեց, թե` շիշը բերնեբերան ջրով լի է, երբ այն դատարկվի, այն ժամանակ էլ կմտածեմ.....

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ 2007


Комментариев нет:

Отправить комментарий