вторник, 10 июня 2014 г.

ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ 20-Ի ԴԱՐԱՍԿԶԲԻՆ. ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊԱՅԱՆ

Ավելի քան  1 դար առաջ օպերային արվեստի  ասպարեզում մեր հայրենակիցները  մեծ հեղինակություն էին վայելում: 1893 թ Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում է Գունոյի <<Ֆաուստը>>, ուր գլխավոր դերերը վստահվում են 2 երիտասարդ  երգիչների` Մարգարիտայի դերերգով առաջին անգամ հանդես է գալիս 25 -ամյա  Նադեժդա Պապայանը, իսկ Մեֆիստոֆելի դերերգը 20- ամյա Շալյապինի  առաջին բեմելն էր: Նույն աշխարհահռչակ Շալյապինի  հետ մեծ հաջողությամբ հանդես է եկել այն ժամանակների լավագույն  բարիտոնը`Բեգլար Ամիրջանյանը, վերջինս ներկայացավ Իշխան Իգորի դերեգով  Բորոդինի համանուն օպերայում, իսկ պատմական բասն  էլ` Գալիցկի երգեց :

 Ծովակ անունով  տենորի ձայնն էլ տենորների հայրենիք Իտալիայում ադամանդի էին նմանացնում: Ավելի ուշ, մեր հայրենակիցներից Արման Տոկատլյանին  իր գեղեցիկ  երգեցողության համար նվիրել են մեծն Կարուզոյի թիկնոցը: Քսաներորդի դարասկիզբը վերելքային էր հայ կատարողական արվեստի համար ու սա այն դեպքում, որ Հայաստանում երազանք էր օպերային թատրոն ունենալու
գաղափարը: Ո՞վ կմտածեր, որ նույն 20 ամյա Բեգլար Ամիրջանյանը Միլանում  սովորելու նպատակով համերգային գործունեությամբ վաստակած գումարներով  կարողանալու է իրագործել իր վաղեմի երազանքը: 1890-91 թթ. Իտալիա են մեկնում մի շարք հայ երիտասարդներ`Արշակ Կոստանյանը,
Ներսես Շահմալյանը,Մակար Վարդիկյանը,Ծովակը, Կորգանովա  քույրերը և վերոնիշյալ Բեգլար Ամիրջանյանը և Նադեժդա Պապայանը:Վերջին երկուսին է հաջողվում փառքի բարձունքներին  հասնել:

                                               ՆԱԴԵԺԴԱ   ՊԱՊԱՅԱՆ
« Ահա շողշողուն ադամանդ,որով հայերը կարող են հպարտանալ այնպես, ինչպես հպարտանում են Ադամյանի անունով:Այն գեղարվեստական ճաշակը, որը ցույց տվեց Պապայանը, չի ունեցել ոչ մի հայ  արտիստ, բացառությամբ ` վերոհիշյալի: Ինքը`  բնությունն է ,շռայլորեն պարգևել հայ երգչուհուն բացառիկ հարուստ,քաղցրահունչ ձայնով, բայց այս հրաշալի պարգևի հետ միասին բնությունը շնորհել է նրան նաև գեղարվեստական ճաշակով: Հենց այդ ճաշակը և երկնային պարգևն է կախարդական ուժով ցնցել հասարակությանը` թողնելով խոր հետք նրա սրտում»,-այսպես է  արտահահայտվել երգչուհու մասին նրա ժամանակակիցներից մեկը`գրող Շիրվանզադեն:
Նադեժդա Պապայանը պատկանում է այն օպերային արտիստների շարքին, որոնք
իրենց ստեղծագործական կյանքը սկսել են 19-ի դարավերջին,սակայն ողբերգական պատահարի պատճառով այն ընդհատվել է 20-րդ դարի սկզբին: Երգչուհին ծնվել է Աստրախանում 1868թ.-ին: Դեռ մանուկ հասակից նա դրսևորում է երաժշտականունակություններ: Գիմնազիայում սովորելու տարիներից երգել է կանանց երգչախմբում, մեկ-մեկ էլ մասնակցել այնտեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին: Մի օր էլ Աստրախան է ժամանում ժամանակի հայտնի օպերային երգիչներից մեկը`Կիպսեն: Նա առաջին մասնագետն էր, ով հիանալով Նադյայի ձայնով`սկսում է պարապել աղջնակի հետ: Սակայն որոշ ժամանակ անց նրա պայմանագիրը սպառվում է և  նա մեկնում է  Աստրախանից: 1886թ. Նադեժդան ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա: Այստեղ նա մշտական ուշադրության է արժանանում ոչ միայն վոկալի դասատուի`Վիլհելմինա Ռաաբի, այլև` ուսումնական հաստատության ռեկտոր`կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի կողմից:Պետերբուրգը երիտասարդ ուսանողուհուն ոչ միայն սովորելու, փորձ ձեռք բերելու, այլև` շփվելու հնարավորություն է ընձեռում: 3.5 տարվա ընթացքում նա յուրացրեց օպերային և կամերային երգեցողության բոլոր ծրագրերը,որոնք նախատեսված էին ողջ ուսումնառության ընթացքում:Մի քանի ամիս էր մնում կոնսերվատորիան ավարտելուն, երբ Նադյայի առողջությունը օրըստօրե վատթարանում էր:
Պարզվում է`Պետերբուրգի սառը կլիման վատ էր անդրադառնում Պապայանի ձայնի վրա և բժիշկների խորհրդով, նրա առողջության վրա բարերար ազդեցություն կունենա Իտալիայի օդը: 
Իտալիայում Պապայանի դասատուն Ֆիորատոն էր,որի մոտ աշխարհի տարբեր ծայրերից  գալիս էին ձայն  մշակելու: Երգչուհին Միլանում հանդիպում է մի շարք հայրենակիցների`Բեգլար Ամիրջանյանին,Արշակ Կոստանյանին,Ներսես Շահ-
Մալյանին և այլոց,ովքեր նույնպես երգեցողություն էին  ուսանում:Այդ ժամանակ
Եվրոպայում էին նաև Ելիզավետա  Խոջայանը և Կորգանովա քույրերը:Նրանք վոկալդպրոց են անցել այնպիսի հանրահայտ դասատուների մոտ, ինչպիսիք էին ՊոլինաՎիարդոն,Մարկեզին: Վերջինս դասավանդում է Պապայանին նաև Փարիզում: Երգչուհին իր իսկական արտիստական գործունեությունը սկսում է Իտալիայում` հանդես գալով այնպիսի օպերային թատրոններում, ինչպիսիք են Միլանի <<Ալգաբրոն», Նեապոլի «Սան-Կառլոն»:Այդ ժամանակ է ,որ նրան առաջարկում են հանդես գալ «Լա  Սկալայում» ,սակայն հրաժարվելով`իր արվեստակից ընկերոջ`Բեգլար Ամիրջանյանի հետ, վերադառնում է հայրենիք: 1893թ. Պապայանը Ամիրջանյանի հետ որոշում են համերգներով հանդես գալ Թիֆլիսում:Անդրանիկ համերգը մեծ ոգևորությամբ է ընդունվում հասարակության կողմից և դրանք շարունակական բնույթ են կրում : Բացի համերգային կատարումներից Պապայանը հանդես է գալիս նաև օպերային թատրոններում: Օպերային արվեստի պատմության մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում 1893թ սեպտեմբերի 29-ը: Այդ օրը Թիֆլիսի օպերային թատրոնում բեմադրվում էր Գունոյի«Ֆաուստը»,ուր գլխավոր դերերգիչները առաջին անգամ էին հանդես գալիս մեծ բեմում: Նադեժդա Պապայան`Մարգարիտա և Մեֆիստոֆել`20ամյա Ֆեոդոր Շալյապին: Բնականաբար, ներկայացումն  աննկարագրելի հաջողություն ունեցավ: 3 տարի շարունակ Պապայանը հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոններում`Վիոլետայի (Վերդիի « Տրավիատա») և Ջիլդայի (Վերդի «Ռիգոլետտո» ),Սանտուցայի ( Մասկանի  «Գեղջկական
Պատիվ» ) դերերգերով:  1896-98թթ. Պապայանը  մեկնում  է Փարիզ`պրոֆեսոր  Մարկեզիի մոտ կատարելագործելու ձայնը և բեմական արվեստը: Այդ տարիներին նա  համերգներով հանդես է գալիս Փարիզի համերգասրահներում: 1898թ. Նադեժդա Պապայանը և Լևոն Եղիազարյանը հայկական երաժշտություն պրոպագանդելու  նպատակով համերգներով մեկնում են Անգլիա: 1 տարի անց նա վերադառնում է Ռուսաստան: Առաջին անգամ Պետերբուրգի հասարակությանը ներկայանում է Չայկովսկու «Պիկովայա դամայում»  Լիզայի դերով: Հետո Միմի, Մարգարիտա, Ջուլիետա, Ջիլդա: Վերոհիշյալ պարտիաներով նա հանդես է գալիս «Արկադիա» թատրոնում:
1901թ. Պապայանին հրավիրում են Մարինյան թատրոն:Այդ ժամանակ այնտեղ էին աշխատում Սոբինովը, Ստրավինսկին:Սոբինովի աշխատելաոճը  համապատասխանում էր Պապայանի պատկերացումներին: Նա շատ էր հավանում Պապայանի ձայնը, և նրանք միասին բազմաթիվ բարեգործական համերգների են մասնակցում : 2 տարի  Մարինյան թատրոնում  աշխատելով`տեղի երգչուհիների կողմից մեծ թշնամություն է առաջանում Պապայանի նկատմամբ: Որոշ ժամանակ անց, նա սկսում է սակավ հանդես գալ բեմում: 1904 թ. Սկզբին ավարտվում է Մարինյան թատրոնի  հետ կնքված  պայմանագրի ժամկետը: Լքելով Պետերբուրգը` նա վերադառնում է Աստրախան`ծնողների մոտ: Երգչուհին սկսում է իր համերգային գործունեությունը Կովկասում: Շուտով Պապայանը գալիս է այն համոզման,որ ինքն այստեղ ևս անելիք չունի և որոշում է մեկնել Փարիզ: Այդ առիթով նա հրաժեշտի երեկո է կազմակերպում`վերջին անգամ հանդես գալով Թիֆլիսում: Փարիզում Պապայանը իմանում է հեղափոխության մասին և վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ էլ նրան հեռագրում են մոր մահվան լուրը, նա վերադառնում է հայրենի քաղաք: Նադեժդա Պապայանի կյանքը ողբերգականորեն է ավարտվում: 1905 թ. դեկտեմբերին  3 ավազակներ որոշում են թալանել Պապայանի բնակարանը: Հագնելով ուսանողական հագուստներ`ավազակները ներկայանում են ,որպես ուսանողներ ,ովքեր ցանկանում են համերգ կազմակերպել: Երգչուհին սիրով  ընդունում է նրանց: Սկզբում ավազակները հարձակվում են հոր , այնուհետև` Նադեժդայի վրա: Հայրը տեղում մահանում է, իսկ երգչուհուն գլխի ծանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց, ուր 3 շաբաթ անց մահանում է: Պատմում են ,որ հիվանդանոցում, երբ երգչուհու գիտակցությունը  վերականգնվում է, նա նայելով շուրջբոլորը`սկսում է երգել: Երգում է Վիոլետայի  մեներգը <<Տրավիատա>> օպերայից: Նա հանգչում է երգը շուրթերին:



 շարունակելի

Комментариев нет:

Отправить комментарий