среда, 7 мая 2014 г.

ԸՆԴԱՄԵՆԸ `ՍԵՐ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ...


Խաչատուր Իսկանդարյանին վաղուց եմ ճանաչում` 5 տարի առաջ էր, երբ  Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին Վարպետի արվեստանոց այցելության էի տարել: Հիշում եմ` ցուրտ ձմեռ էր, սակայն արվեստագետի արվեստանոցում մի իսկական արվեստային հրավառություն  էր`  մոտ 2 ժամ  ջերմացանք իսկանդարյանական արվեստով:

Այս  տարիների ընթացքում  գրեթե ոչինչ չի փոխվել նրա  արվեստանոցում, բացառությամբ մի քանի մանրաքանդակների, որոնք   հանգրվան են գտել  Երևան քաղաքի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունում և  մի քանիսն էլ մի շարք նկարների հետ միասին այս պահին ցուցադրվում են նույն թանգարանում, քանի որ  ընթացքի մեջ է Վարպետի  91-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:
    Շատ եմ սիրում այն արվեստագետներին, ովքեր ստեղծագործական անսահման ընդգրկում ունեն` բազմաժանր ու բազմաոճ են, ինչը ուսումնասիրելու, նորը տեսնելու և զգալու անսահման հնարավորություններ է ընձեռում:  Անչափ հաճելի է խոսել մի ստեղծագործողի մասին, ով իր կյանքի 70 տարիները արվեստին է նվիրել` աշխատել է թե քանդակագործության , թե՛ գեղանկարչության և թե՛ գրաֆիկայի ժանրերում:
  Այսօր արվեստասերը Իսկանդարյանին ամենից շատ ճանաչում է <<Հուշեր հին Երևանից>> մանրաքանդակների շարքով, որը ստեղծել է 80-ականներին` <<Թութ են թափ տալիս>> 1986, <<Լարախաղացը>> 1984, <<Ներկարարը>> 1982, <<Դանակ-մկրատ սրողը>>1984, <<Մինուտչիկ Ալեքսանը>>1980, <<Ծաղկավաճառը>>1983: Մեկը մյուսից հրաշալի տեսարաններ և կերպարներ, որոնց օգնությամբ հնարավորություն է ընձեռվում մտովի տեղափոխվել 30-40-ականների Երևանը ու որոշ ժամանակով զգալ հին Երևանի շունչն ու մթնոլորտը:
Մինուտչիկ Ալեքսանը 1980




Ծաղկավաճառը 1983
Թութ են թափ տալիս 1986

 

Չնայած այն հանգամանքին, որ 91-ամյա Խաչատուր Իսկանդարյանը վերջերս չի ստեղծագործում,   ամեն օր արվեստանոց  է այցելում`առանց հաշվի անելու ձյուն-սառնամանիք է, թե շոգ ամառ: Նա իր արվեստային տարածքում  իրեն ամբողջական է զգում` իր ողջ կյանքն է ամփոփված այդ ստեղծագործական դարբնոցում,  նայելով  իր ստեղծած կերպարներին ,  իր անցած ճանապարհն է վերհիշում`  սիրելի Ուսուցիչները, ընկերները, Հայոց մեծերը` չէ՞- որ,   այդ բոլոր մարդիկ ժամանակին  ոգևորության անսպառ աղբյուր են հանդիսացել, օգնել են  արարել, գեղեցիկ ու ներդաշնակ ապրել: Ահա և նրա սիրելի կերպարները`  Սուրեն Ստեփանյան, Վիկտոր Համբարձումյան, Նիկոլայ Նիկողոսյան, Մարտիրոս Սարյան, Լիդիա Դուռնովո:

Խոսելով Խաչատուր Իսկանդարյանի մոնումենտալ  քանդակների մասին, պիտի նշել, որ շուրջ 20  ստեղծագործություններ տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում` Արմեն Տիգրանյանի և Ավետիք Իսկահակյանի արձանները Գյումրիում, Վիկտոր Համբարձումյանի արձանը ` Վարդենիսում, Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանը Արտաշատում,  Հակոբ Մեղապարտի հուշարձանը ` Երևանում: Վարպետը , ով բնույթով շատ դրական մարդ է, մի պահ սրտնեղվում է` մատնացույց անելով  արվեստանոցի ձախ անկյունում վեր խոյացող Դերենիկ Դեմիճյանի արձանը, որն արդեն 35 տարի է, ինչ իր տեղը չի գտնում: 



Դերենիկ Դեմիրճյանի արձանը Վարպետի արվեստանոցում






















 Այցելել Խաչատուր Իսկանդարյանի արվեստանոց ու չհիանալ նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներով, անհնար է: Իսկանդարյան քանդակագործն ու նկարիչը  կտրուկ տարբերվում են միմյանցից: 60-70-ականների հայ կերպարվետում առկա միտումները կարծես Իսկանդարյանի կողքով են անցել ու նա այս ոլորտում բոլորովին այլ մտածողություն և մոտեցումներ է ցուցաբերել:  Հիմնականում ստեղծել է երևանյան պատկերներ և  ճամփորդական տպավորություններ` աշխատելով  էքսպրեսիոնիզմի ոճում, ինքնատիպ գունային համադրություններով:

Երևանյան տեսարան 1965
Դուրս եմ գալիս Վարպետի  մոտից  ու մեկ անգամ ևս համոզվում, որ մեր օրերում ամենախոցելի մարդիկ արվեստագետներն են` հատկապես ճշմարիտ և  ազնիվ  արվեստագետները, ովքեր փակված իրենց արվեստանոցներում մեր երկրի հոգևոր ապագան են կերտում` սուսուփուս և  անտրտունջ.....Այս մարդիկ մեզ հետ ու մեր կողքին են ապրում  ու նրանց առանձնապես շատ բան հարկավոր չէ`  ընդամենը ` սեր  և հոգատարություն:


 

2 комментария:

  1. Կեցցես Անահիտ, մեծ հաճույքով կարդացի: «Հիշում եմ` ցուրտ ձմեռ էր, սակայն արվեստագետի արվեստանոցում մի իսկական արվեստային հրավառություն էր` մոտ 2 ժամ ջերմացանք իսկանդարյանական արվեստով»

    ОтветитьУдалить
  2. Անչափ զգացված ու շնորհակալ եմ, Գառնիկ ջան: Կան արվեստագետներ, որոնց մասին կենդանության օրոք չգրելը, պարզապես հանցագործություն է:

    ОтветитьУдалить