среда, 16 апреля 2014 г.

ԱՌԱՋԻՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Անկեղծ ասած, մտածում էի, թե Էդուարդ Արծրունյանի 1983 թ. դեռևս նոր կառուցվող Մարզահամերգային Համալիրում իրականացրած աշխատանքները հեշտությամբ կգտնեմ, ինչպես նախորդները` <<Հայաստան>> որմնանկարն  ու  բառելիեֆային հարթաքանդակը:
Պարզվում է մարզերում  ինչ որ  բան գտնելն ավելի հեշտ է, քան մայրաքաղաքում հարցում անցկացնելը: Մարզահամերգային համալիրում  միակ մարդը, ով մանրամասն հիշում էր 30 տարվա վաղեմություն  ունեցող իրադարձության  մասին,   գլխավոր ինժեներ Ասատուր Նալբանդյաննն էր, վերջինս պատմեց, որ վարագույրի հեղինակը Գրիգոր Խանջյան է , իսկ գոբելանագործը` Կարո Եղիազարյանը:  Նա նաև հիշեց, որ ժամանակին այնտեղ գեղանկարչական ետնամաս / զադնիկ/ կար, որը սակայն, ցուրտ ու մութ տարիներին խոնավությունից փչացել էր  և այն դեն են նետել,  ու նա այս պահին ոչ մի կերպ չի կարողանում հիշել դրա  հեղինակին: Թերևս սա միակ լիարժեք ինֆորմացիան էր, որ կարողացա ձեռք բերել:
  80-ականներին  գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու  Էդուարդ Արծրունյանը ընկեր-   գործընկերներ են եղել : Նրան դժվար չէր հիշել, որ  Էդուարդ Արծրունյանը Մարզահամերգային Համալիրի  բեմի ետնամասն է ձևավորել:  Այս մասին թեթևակի ակնարկել է նաև գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը: Փաստորեն, ինչպես տեսնում եք, ամեն անգամ չէ,  որ  ուսումնա-սիրությունները  բարեհաջող  ավարտ են ունենում: Փաստորեն, Էդուարդ Արծրունյանի Մարզահամերգային Համալիրում իրականացված աշխատանքները մութ ու ցուրտ տարիներին ոչնչացել են:
Բանն այն է, որ Արծրունյանը միշտ էլ ընդգրկված է եղել հանրապետությունում իրականացվող բոլոր տեսակ բեմանկարչական, արտաքին և ներքին ձևավորման աշխատանքներում, քանի որ հայտնի էր  իր վարպետությամբ, աշխատասիրությամբ ու գերաարագ աշխատելու ունակություններով: Այս  պահին ձեռքիս տակ  բազմաթիվ նյութեր կան , որոնք այն տարիներին  Արծրունյանի հետ նույն աշխատանքային խմբում հանդես եկած նկարիչների  հաստատման, հավաստագրման կարիքն ունեն: Այնպես որ հետազոտական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են ու համոզված եմ, որ դեռ նորանոր բացահայտումներով եմ հանդես գալու:
Սակայն  չմոռանանք, որ Արծրունյանը բոլոր դեպքերում գեղանկարիչ էր` թեմատիկ կոմպոզիցիայի Վարպետ: Եվ նրա ստեղծագործական շրջանները ուսումնասիրելիս երկու բաց հատվածների ենք հանդիպում` մոսկովյան շրջանը` 1963-1974 թթ. և 90-ական թթ: Առաջին հայացքից թվում է, թե Արծրունյանը Մոսկվայում  ապրելու   տարիներին միայն պաստառի ժանրում է ստեղծագործել ու եղած գործերն էլ նրա մոսկովյան բնակարանում` դստեր մոտ է մնացել, մինչդեռ արծրունյանական արվեստի գլուխգործոցներ գոյություն ունեն նաև այլ հավաքածուներում` ի դեպ ոչ հավաքորդների մոտ: Իսկ ինչ վերաբերում է  90-ականներին, ապա այն Արծրունյանի  արվեստում նշանավորվեց որպես նոր  գեղագիտական ընկալումների և մոտեցումների ժամանակաշրջան և այդ փուլի    գործերի մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում` նրա ավագ  որդու Վարուժան Արծրունյանի հավաքածուում :
Ինչևէ, թերևս բավարարվենք ձեռքի տակ եղած նյութերով`  Մոսկվայում եղած նկարներին ծանոթ եմ, մնում է հրապարակման թույլտվություն ստանամ, ինչպես նաև հույս  ունեմ, որ Վարուժան Արծրունյանը կդրսևորի հոր անվանը` հիշատակին  արժանի վարքագիծ: Չէ՞ որ,  նպատակս Էդուարդ Արծրունյան արվեստագետին հնարավինս լիարժեք ներկայացնելն է և նրա արվեստը հասարակությանը հասանելի դարձնելը:
Հեղինակ- հետազոտող` Անահիտ Կորյուն

Комментариев нет:

Отправить комментарий