суббота, 14 декабря 2013 г.

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ.....

Բախտ եմ ունեցել Գոհար Գասպարյանի հետ շփվելու թե որպես լրագրող և թե ուսանողուհի: Երջանիկ եմ, որ նրանից վոկալի դասեր եմ վերցրել: Ճիշտ է, ինձ չվիճակվեց երգչուհի դառնալ, սակայն նրա հետ շփումը և ամենակարևորը այն վերհուշը, որն այսօր դեմքիս ժպիտ է առաջացնում, իմ կյանքի ամենագեղեցիկ ձեռքբերումներից է: Գոհար Գասպարյանից հարցազրույցներ եմ վերցրել դեռևս առաջին կուրսից սկսած, երբ երգչուհին առողջ ու երջանիկ  էր, իսկ այս հոդվածը գրվել է այն ժամանակ, երբ Տիգրան Լևոնյանն արդեն մահացել էր: Իմ սիրելի Գոհար Միխայիլովնան  այդ ժամանակ շատ ընկճված  ու  աշխարհից խռովված էր: Անկեղծ ասած, այս հոդվածից հետո ես ինքս չցանկացա նրա հետ հանդիպել`ուզեցի, որ մեծն երգչուհին հիշողությանս մեջ մնա այնպիսին, ինչպիսին ես նրան առաջին անգամն եմ տեսել:
       1948 թ. սեպտեմբերի 12-ին Գոհար Գասպարյանն առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, իսկ 1949 թ. մայիսի 23-ին հայ հանդիսատեսը ծանոթացավ Գոհար Գասպարյան երգչուհու հետ, որն ունկնդրին ներկայացավ «Սպենդիարյան» քառյակի հետ: «Հաջորդ համերգս տեղի ունեցավ երբեմնի «Ֆլորա» այգում՝ հայ ֆիլհարմոնիայի ամառային դահլիճում, ուր ինձ էր սպասում շուրջ 1500 հանդիսատես: Դահլիճում տեղ չլինելու պատճառով շատ ուսանողներ նույնիսկ ծառերի վրայից էին հետևում համերգին: Այդ երեկոյին ներկա էին Ավետիք Իսահակյանը՝ կնոջ հետ և Դերենիկ Դեմիրճյանը: Համերգից հետո Վարպետը, ջերմորեն շնորհավորելով ինձ, հարցրեց. «Աղջիկս, սոխա՞կն է քեզանից երգել սովորել թե՞ դու նրանից»: Այդ օրվանից Գոհար-Սոխակ դարձա: Երբ ընդունվեցի օպերային թատրոն, ինձ հանձնարարեցին Ռոզինայի պարտիան պատրաստել, այն էլ՝ ռուսերեն: Ամեն ինչ արդեն պատրաստ էր, երբ այս անգամ էլ հայտնեցին, որ պիտի Լակմե սովորեմ: Լակմեով եղավ իմ առաջին բեմելը հայրենի օպերային թատրոնում: Հետո երգեցի Ռոզինա: Վերջապես հերթը հասավ հայկական օպերաներին: Անուշն իմ առաջին դերերգն էր: Միքայել Թավրիզյանը կանչեց և տվեց «Անուշի» նոտաները: «Եթե դուրդ գա, անպայման սովորիր. այս դերերգը քեզ մեծ հաջողություն կբերի»,- ասաց նա: Ուսումնասիրելով նոտաները՝ գտա, որ այն չի համապատասխանում ձայնիս: Այդ մասին ասացի Թավրիզյանին: Այս անգամ էլ նա խնդրեց սովորել «Ասում են ուռին» հանրածանոթ հատվածը օպերայից: Շուտով դիրիժորին ներկայացա իմ կատարումով: Նա ճշգրտորեն կանխատեսել էր՝ Անուշը դառնալու է իմ գլուխգործոցներից մեկը»,- պատմում է երգչուհին:

            Գոհար Գասպարյանն այսօր մեզ է ներկայանում իր կեսդարյա երգի ճանապարհով: Այդ հրաշագեղ ճանապարհին օպերային բեմում, մարմնավորել է 27 անմոռանալի բեմական կերպարներ՝ Լակմե, Ռոզինա, Անուշ, Մարգարիտ, Դեզդեմոնա, Վիոլետա, Միմի, Օլիմպիա, Շուշան, Նորմա… Ինքնատիպ են եղել երգչուհու 10 համերգային ծրագրերը: Դրանցից մեկը՝ շեքսպիրյան ծրագիրը, միջազգային մրցանակի է արժանացել իր յուրօրինակության համար: Գոհար Գասպարյանի համերգային շրջագայությունները ներառում են գրեթե ողջ քարտեզը՝ բացառությամբ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Չինաստանի:
            Արվեստի ձգողական ուժը դրսևորվում է նաև ծայրահեղ իրավիճակներում: Երգչուհին Լեհաստանի Պոզնան քաղաքի օպերային թատրոնում պատրաստվում էր հանդես գալ Վիոլետայի դերերգով՝ Վերդիի «Տրավիատա» ներկայացման մեջ: Նույն օրը արտիստուհին արտասովոր եռուզեռ է նկատում քաղաքում. պարզվում է «աշխարհի վերջն է»: Ինչպես մյուսները, նա նույնպես շտապում է եկեղեցի՝ վերջին անգամ աղոթելու մեղքերի թողության համար: Այդ օրը Հռոմի պապի ընտրություններն էին, և եկեղեցու մուտքի առջև հանդիպում է Հռոմի պապի հավանական թեկնածուին ու նրան հրավիրում երեկոյան ներկայացմանը: «Շուտով իմացանք, որ խոսքն արևի խավարման մասին է: Ժամը մեկին մոտ դրսում արդեն մութ-մութ էր: Ես սկսեցի անհանգստանալ՝ արդյոք տեղի կունենա՞ ներկայացումը: Երեկոյան հինգի մոտ հայտնվեց թատրոնից ուղարկված մեքենան, և ես վարորդին հայտնեցի իմ մտահոգությունը: Վերջինս ասաց, որ թատրոնում արդեն բազմաթիվ մարդիկ կան հավաքված»:
     Շատ եմ կարևորում մասնավորապես մանուկների համար կազմակերպվող համերգները, երեխաները դեռ փոքրուց դաստիարակվում են դասական երաժշտությամբ, նշանակում է հետագայում կիրթ, ինտելեկտուալ սերունդ կունենանք: Ես երգել եմ ոչ միայն քաղբանտարկյալների համար, ինչպես ընդունված էր այն  տարիներին, այլ սովորական կալանավորների համար: Շատերն ինձ համոզում էին հրաժարվել այդ մտադրությունից. տհաճ անակնկալներ կարող էին լինել: Երբ մտա դահլիճ (Էստոնիայում էր), լսեցի ոչ պատշաճ ռեպլիկներ իմ հասցեին: Վիրավորված դուրս եկա, հաստատ չվերադառնալու նպատակով: Այդ պահին բանտապահը, սաստելով դահլիճում գտնվող բանտարկյալներին, ասաց՝ ով ուզում է, թող դուրս գա: Ոչ ոք դուրս չեկավ, քար լռություն տիրեց դահլիճում: Նրանց համար հիմնականում հոգևոր երգեր էի նախապատրաստել: Համերգից մի քանի օր անց բանտարկյալները մամուլի միջոցով իրենց շնորհակալությունն էին հայտնել գեղեցիկ համերգի համար»:
            Գոհար Գասպարյանի հետ զրույցի ընթացքում չէինք կարող շրջանցել մեր այսօրվա օպերային թատրոնին ու հայ երգարվեստին առնչվող թեման. «Այսօր առհասարակ «օպերա» հասկացություն գոյություն չունի Հայաստանում: Այս ամենը մեծ ցավով եմ ասում, որովհետև ինքս մեծ ներդրում ունեմ թատրոնի կայացման գործում. ես այն հասցրել եմ միջազգային մակարդակի, իմ ելույթներից ոչ մեկն աննկատ չի անցել: Մի օր էլ հայտնվեց նորանշանակ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, որը կյանքում օպերային թատրոն չէր հաճախել, չգիտեր, թե ինչ է օպերային արվեստը, և ինձ ու ամուսնուս զրկեց աշխատանքից: Ամուսինս այդ ցավից գնաց աշխարհից, և ես այսօր ոչ մի մխիթարանք չունեմ, չեմ կարողանում հաշտվել նրա մահվան հետ: Մեր անելիքները կիսատ մնացին, սակայն հուսով եմ, որ լավ փոփոխությունները դեռ առջևում են, դրանց ականատեսը կլինեմ: Ես շատ եմ ուզում իմ փորձով ու գիտելիքներով օգտակար լինել, մինչդեռ կարծես ոչ ոք դրա կարիքը չի զգում: Դեմ չեմ, որպեսզի թատրոնը համալրվի երիտասարդ երգիչներով, սակայն արդյոք դրանք լավագույն ուժե՞րն են, թե՞ այս անգամ ևս առաջ են մղվում միջակները: Օրինակ, այնպիսի մարդիկ են Նորմա երգում, ովքեր շատ հեռու են կերպարից: Այն մեծ փորձառություն է պահանջում, առնվազն 40-ն անց պիտի լինես: Օպերային թատրոնը ավանդույթներ ունեցող, դասական արվեստ է, որը չի սիրում, երբ դրանք խախտվում են: Տիգրան Լևոնյանը 5 օպերային ներկայացում է բեմադրել՝ «Անուշ», «Պայացներ», «Օթելլո», «Արշակ II» և «Պողիկտոս», սակայն դրանցից ոչ մեկն այսօր չի ցուցադրվում: Ինձ զայրացնում է նաև այն փաստը, որ օպերայում մեներգիչների մրցույթ եղավ և այնտեղ ոչ մի պրոֆեսիոնալ երգիչ չկար, ով կարող էր որոշել՝ երգիչը լա՞վ է երգում, թե՞ ոչ: Զարմանում եմ, թե նման տգիտությամբ, անգրագիտությամբ ինչպես կարելի է բեմ բարձրանալ: Հյուրախաղերի մեկնելիս մեր գործընկերները սովորաբար ժամանցային վայրեր էին գնում, իսկ ես ու Տիգրանը այցելում էինք գրադարաններ, գրախանութներ՝ նոր նյութեր հայթայթելու, հաճախ ներկա էինք գտնվում համերգների՝ տվյալ երկրի երգիչ-երգչուհիների կատարողական արվեստին ծանոթանալու նպատակով: Մեր ժամանակներում ռեժիսորը անգիր գիտեր բոլոր օպերաները և ցանկացած պահին կարող էր հատվածներ երգել այս կամ այն օպերայից: Ինչ վերաբերում է մեր երգարվեստին, ապա ես ուզում եմ փաստել, որ կոնսերվատորիայի ձայնամշակման բաժնի դասախոսների մեծ մասը ռուսախոս է, և մայրենի լեզվով խոսելը մոռացության է մատնվել: Եթե մի մարդ հայերեն չգիտի, ինչպե՞ս կարող է հայկական երգ սովորեցնել ուսանողներին, էլ չեմ խոսում արևմտահայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների մասին: Դրանք բոլորովին անտեսված են մեր բուհում: Անտեսված են, որովհետև չեն հասկացվում և չեն ընկալվում: Ժամանակին նրանց գործերը իրենց տեղն ունեին իմ երգացանկում»:
            Ի դեպ երգչուհին տիրապետում է 7 լեզուների և իր լեզվական գիտելիքները ևս ծառայեցրել է օպերային թատրոնին: Այսօր մեր օպերային թատրոնը ցանկանում է վերականգնել «Պողիկտոս» ներկայացման բեմադրությունը, և այստեղ տեղին կլինի նշել, որ դրա բեմադրությանը նպաստել է Գոհար Գասպարյանը. նա իտալերենից հայերեն է թարգմանել ներկայացման լիբրետոն: Փաստորեն, քրիստոնեության 1700-ամյակին առնչվող այդ ներկայացումը մեզ մոտ բեմադրվել է Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի ջանքերով:
  Այսօր Գոհար Գասպարյանը շարունակում է իր մանկավարժական գործունեությունը՝ իր երկու օգնականների՝ Ալեքսանդր Թամազովի և Քրիստինե Սահակյանի հետ:
Անահիտ Կորյուն, 2005 , <<Իրավունք>>

Комментариев нет:

Отправить комментарий