пятница, 15 ноября 2013 г.

ԿԱՄՍԱՐ

Կամսարը՝ որպես գեղանկարիչ, կայացել է անցած դարի 90-ական թթ., սակայն, ստեղծագործական դադարներով պայմանավորված (ստանձնելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը), նրա անունը մի տեսակ դուրս է մղվել ժամանակակից կերպարվեստից: Բայց անհետևանք ու պատահական երևի ոչինչ տեղի չի ունենում. ամեն ինչ փոխկապակցված է ու փոխլրացման մեջ: Այդպես էլ Կամսար արվեստագետի մոտ է: Այսօր արվեստագետը այնպիսի ոգևորությամբ է վերսկսել ստեղծագործական աշխատանքը` կարծես ցանկություն ունի լրացնելու ողջ բաց թողնված ժամանակը:

Կամսարը` նույն ինքը՝ Կամո Սահակյանը, ծնվել է 1961 թ. ապրիլի 16-ին Եղեգնաձորում: Արվեստում առաջին քայլերն սկսել է տեղի Գեղարվեստի դպրոցից` սովորելով հանրահայտ աբստրակցիոնիստ Վան Եղյանի հետ միևնույն դասարանում: Վերջինս մեծ դերակատարություն է ունեցել նրա գեղագիտական ճաշակի զարգացման գործում` ուղղորդելով պատանի նկարչին դեպի վերացական արվեստը: Այնուհետև Կամոն ուսումը շարունակում է Երևանում`  Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1976-1980 թթ.), որն ավարտելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ: Ծառայությունն ավարտելուց հետո նա վերադառնում է հայրենի Եղեգնաձոր: Առջևում հայ ժողովրդի համար ճակատագրական և վճռորոշ ժամանակաշրջան էր` 88-ի երկրաշարժ, Արցախյան շարժում և շրջափակում, ու վերջապես, անկախության ձեռքբերման տարիներ: Կամսարն արդեն իսկ ավագ ընկեր դարձած Վան Եղյանի հետ Եղեգնաձորում դառնում է արցախյան շարժման մարտիկներից մեկը: Անշուշտ, այդ իրադարձություններն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան գեղանկարչի արվեստում` հենց այդ տարիներին էլ վերջնականորեն ձևավորվեց Կամսար գեղանկարիչը:
Երբ Կամո Սահակյանի արվեստանոցում ես, ու նրա բոլոր նկարներն աչքիդ առաջ են, միանգամից կարողանում ես ժամանակային էքսկուրս իրականացնել ու հստակորեն տեսնել նրա անցած ստեղծագործական ուղին:  Ինչպես բոլոր արվեստագետները, նա ևս մի քանի ստեղծագործական փուլեր է ունեցել, և մի քանիսն էլ, անշուշտ, դեռ առջևում են: Թերևս երեք շրջան կարելի է առանձնացնել` ուսանողական, կայացման տարիներ` 1976 - 1985 թթ, հասունության տարիներ`1985-2000-ական թթ., և երրորդ փուլը, որն անցած տարի է սկսվել, վերադարձի շրջան: Պատանի Կամսարին հանդիպում ենք նրա դիմանկարներում և փոքրածավալ կոմպոզիցիաներում`<<Մեր բակը>> (1979թ.), <<Կնոջ դիմանկար>> (1983թ.): Մեծ հետաքրքրություն է ներկայացնում դեռևս առաջին կուրսի ուսանող Կամոյի 1977թ. վրձնած <<Գարուն>> կտավը, որի գունագծային կառուցվածքը և վարպետությունը պարզապես հիացմունք են առաջացնում: Առանձնապես նշանակալից են նկարչի արվեստում   1985 - 2000-ական թվականները: Այդ տարիներին մենք տեսնում ենք լրիվ ինքնուրույն արվեստագետի:  Այդ ժամանակ Կամսարի ուսումնասիրության առարկան հայկական ժայռապատկերային արվեստն էր, որն այնուհետև, որպես նշանային համակարգ, նորովի մեկնաբանությամբ իր տեղը գտավ նրա արվեստում: Այդ շրջանի գործերից են`<<Գոյապայքար>> (1992 թ.), <<Հող և երկինք>> (1993 թ.), <<Դեկտեմբեր 88>> (1994 թ.), <<Հունվար 94>> (1994 թ.), <<Առևանգում>> (1996 թ.), <<Լուսինեին>> (1996 թ.), <<Բռնկում>>(1997 թ.),  <<Գիշերային առավոտ>> (1997 թ.):     
90 - ականների վերջերից Կամսարը գրեթե չի ստեղծագործել. 10 տարիների ընթացքում հատուկենտ նկարներ է ստեղծել, սակայն արդեն իսկ փոքրաթիվ կտավներում ոճային փոփոխություններ են նկատվում. ժայռապատկերային սիմվոլիկան իր տեղը զիջում է ազատ քսվածքներին, գույնն ինքնին ավելի շարժուն է դառնում, իսկ նկարները` ավելի դինամիկ և անկաշկանդ: Այսօր էլ այդ միտումը շարունակական է: Վերադարձի ստեղծագործական այս ժամանակահատվածը շատ բազմազան է: Նա իր ասելիքն արտահայտելու համար պլաստիկ տարբեր միջոցներ է գործածում, ինչպես նաև ներկապնակն իր ողջ նրբերանգներով: Չմոռանանք այն հանգամանքը, որ կատարման ավանդական եղանակներին` կտավին, յուղաներկին, լրացնելու է գալիս գրաֆիկայի ժանրը` կատարման տեխնիկայի բազմազանությամբ: Երևի թե տարիների ընթացքում նոր կենսափորձի ձեռքբերումը և աշխարհայացքի փոփոխությունները նկարիչը համապատասխանացրել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցների հետ` <<Զարթոնք>> (1999 թ.), <<Կոմպոզիցիա>> (1999 թ.), <<Կանաչ խաղ>> (1999 թ.), <<Հորիզոն>> (2000 թ.), <<Կոմպոզիցիա>> (2001 թ.), <<Հիշողությանս սպիտակ գարունը>> (2000-2012 թթ.), <<Ներանձնական պոռթկում>> (2013 թ.), <<Առօրյա տրամադրություն>>(2013 թ.), <<Աշնանային օր>> (2013 թ.), <<Կանաչ միջօրե>>(2013 թ.), գրաֆիկ գործերից` <<Լեռներ>>(2013 թ.), <<Մտահոգություն>> (2013 թ.), <<Առավոտ>>(2013 թ.):

Կամսարի արվեստի աշխարհն ընկալելու և նրա ստեղծագործական լեզուն ըմբռնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա: Նրա արվեստի թեման աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, մարդու առօրյա հույզերի և ապրումների կամսարական անդրադարձներն ու վերապրումներն են: Հուսանք, որ առաջիկայում գեղանկարիչն արվեստի հետ վերհաստատված իր կապը չի խաթարի ու մեզ մշտապես նոր ստեղծվող արվեստի գործերի ականատեսը կդարձնի: 

Комментариев нет:

Отправить комментарий