суббота, 20 июля 2013 г.

ՄԻ ՏԵՍԱԿ ԽԱՌԸ` ՏԽՐՈՒՐԱԽ....


25-50-97 հեռախոսահամարն եմ հավաքում ու հենց առաջին զանգից վերցնում են հեռախոսը` ալլոոոոո, ո՞վ է` միանգամից լսում եմ  ծերունական դողդոջուն, ծորուն  ու ինձ համար շատ թանկ  ձայնը…Վարպետս է`Էդուարդ Արծրունյանն է….Նա սիրում էր հեռախոսազանգերին պատասխանել, 6 տարի  տանը փակված մարդու համար դա շփման համար առաջին միջոցն էր…Մենք հաճախ էինք շփվում հեռախոսով`երբ չէի կարողանում նրան այցելության գնալ, զանգում որպիսությունն էի հարցնում…
Իսկ երբ մի քիչ ուշանում էի, նա ինքն էր զանգում ու միանգամից հարցնում` Անո ջան,  ե՞րբ բդի գաս ու ես անկախ այն հանգամանքից, թե որտեղ էի գտնում  ու ինչով էի զբաղված, միշտ պատասխանում էի` հենց էսօր,  Վարպետ ջան :  Մի ամառային շոգ օր էլ խոստացա այցելության գնալ ու խոստացածս ժամից ուշ տեղ հասա,  գնացի,  նրանց տան դուռը միշտ բաց էր ` բացեցի, մտա ներս, տեսնեմ Վարպետս քնած է,  նստեցի ու սպասում եմ, թե երբ պիտի արթնանա: Ախր, ոչ էլ տիկին Նատալյան է երևում:Սպասեցի 15 րոպե…..Նայում եմ նկարակալին  նոր կտավ է ` վերջին մեր հանդիպման ժամանակ ասեց, որ ընկերոջը` Մինասին պիտի նկարի: Արդեն սկսել է` ուրախացա ես, նկարել- նկարել է, հոգնել,  քնել է:  Զգուշորեն դուռը փակելով ,  աստիճաններով անաղմուկ իջնելով` հեռացա Արծրունյանի  տնից…
Նեղացել էր ինձանից`իբր խոստացել ու չեմ այցելել իրեն, ասեցի` Վարպետ  ջան, եկա տեսա  քնած էիր, սպասեցի-սպասեցի, չարթնացար, գնացի….
-         Գիժ է էս աղջիկը, հըբը ինչի՞ չզարթնցրիր,  այ, Անո ,-  մի քանի վայրկյան դադար տալուց հետո էլ ավելացրեց,- վա՜յ ես քո  ցավդ տանեմ, Անո ջան…
-         Վարպետ ջան, էս Մինասի նկարն արդեն սկսե՞լ ես, -հարցրի ես…..
-         Հա, գիտես, դուդուկ նվագելուց բդի նկարեմ Մինասիս` իր Ջաջուռի լեռներով շրջապատված, դուդուկ է նվագելու` իր նկարների նման անուշ ու տխուր-տխուր….
Երբ  Վարպետին պատմեցի, թե Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ Մինասի որմնանկարները տեսնելու եմ գնացել, նա մի պահ տխրեց, հիշեց, որ Իջևանում  արված իր միակ որմնանկարն այլևս չկա` շենքը քանդել են…Ու խոստացավ, որ  աշնանն ինձ  Գյումրի է տանելու, որ միասին իր հոր ջրաղացպան Սիմոնի կառուցած ջաղացները տեսնենք  ու այն տունն այցելենք, ուր ինքն է ծնվել….. Ու գնացինք`  ի՜նչ հրաշք օր էր……
Արծրունյանը Մինասի նկարն ավարտին հասցրեց ու այն իր անհատական ցուցահանդեսներին էլ ցուցադրվեց...Ափսոս, նկարի ֆայլը ես չունեմ` ինչ որ մի անկյունում պինդ-պինդ պահված է........
Իրականում մեր Մեծերը այնքան նման ու միաձույլ են` ոչինչ , որ մեկը արժանի գնահատված ու  մյուսն էլ` ոչ այնքան գնահատված ու շատ-շատներն էլ ընդհանրապես մոռացության մատնված… Նրանք մեր մեջ են`մեր արյան մեջ են…..Ու քանի կանք, նրանք միշտ մեզ հետ են………



Комментариев нет:

Отправить комментарий