среда, 5 июня 2013 г.

ԽՆԿԵԼԻ Է ՀԻՇԱՏԱԿԸ ՔՈ


Մեր օրերում միակ վայրը, որ հիշեցնում է մեծանուն երգչուհուն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող նրա առանձնատունն է, որի մուտքի մոտ ամրացված հուշաքարը հիշեցնում է՝ այստեղ է ապրել ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը: Այժմ այդ տանն է ապրում նրա դուստրը՝ Կոմիտասի անվան երաժշտանոցի երգեցողության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, ով ժամանակին  երգեցողության դասերն անցկացնում էր այն սենյակում, ուր տարիներ առաջ իր սաների հետ աշխատել է Հայկանուշ Դանիելյանը:   Երգչուհու  մեծադիր նկարի առջև` հանճարեղ Կոմիտասի երգերով էին  սկսում իրենց դասերը երիտասարդ արտիստները:
        

1946-ին Հայաստանում ամենուր թևածում էր Հայկանուշ Դանիելյանի բյուրեղյա, մաքրամաքուր ձայնը, որը ներշնչանքի աղբյուր հանդիսացավ ժամանակի շատ արվեստագետների համար: Այդ օրերին հայրենիքի օդը խիստ մշակութային էր՝ հայրենիքից հեռու, թե հայրենիքում, բայց հայրենիքի համար միասնական ուժերով ստեղծագործում, ապրում ու արարում էին Արամ Խաչատրյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Միքայել Թավրիզյանը, Դերենիկ Դեմիրճյանը: Իհարկե, նրանց հետ էլ Հայկանուշ Դանիելյանը: Այսօր երգարվեստում թողած նրա հսկա ժառանգությունը հիմք պիտի հանդիսանար հետագա սերնդի երգիչ-դերասանների կատարողական արվեստի զարգացման համար, մինչդեռ այժմ շատ երիտասարդ կատարողներ խոստովանում են, որ միայն լսել են Հայկանուշ Դանիելյանի անունը, սակայն հնարավորություն չի ընձեռվել լսել նրա ձայնը: Մեղքը նրանցը չէ. Հայկանուշ Դանիելյանից մնացել է 5-6 երգերի ձայնագրություններ, որոնցում մի կերպ, խշշոցի ուղեկցությամբ հազիվհազ լսվում է երգչուհու ձայնը: Նմանատիպ անորակ ձայանագրություններով երգչուհուն ներկայացնելը անիմաստ է թվում, մանավանդ՝ Հայկանուշ Դանիելյանը ժամանակին հանդես է եկել օպերային ներկայացումներում 32 դերերգերով և մոտ 350 կամերային ստեղծագործություններով:
            Նրա ծննդավայրը Թիֆլիսն էր, որն այն տարիներին Կովկասի մշակութային բացառիկ կենտրոնն էր և չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին՝ նկատվում, խրախուսվում էին տաղանդավոր անհատները: 1912-ին հայ բարեգործական ընկերության միջոցներով Հայկանուշը մեկնում է Պետերբուրգ՝ ուսումնառության՝ սովորելով հայտնի պրոֆեսոր Ն. Իրեցկայայի դասարանում: Երաժշտանոցն ավարտելիս՝ ուսումնական հաստատության ռեկտոր, հանրաճանաչ կոմպոզիտոր Գլազունովը, Հայկանուշ Դանիելյանի մասին ասել է, թե կոնսերվատորիայի 50 տարիների պատմության մեջ նա միակն ուսանողուհին է, որը վերցրեց այն ամենը, ինչ կարող էր տալ կոնսերվատորիան: 3 տարի ակտիվորեն մասնակցելով Սանկտ Պետերբուրգի երաժշտական կյանքին Հայկանուշ Դանիելյանը վերադառնում է հայրենիք՝ իր հրաշալի ձայնն ու ամբարած գիտելիքներն այստեղ ծառայեցնելու նպատակով: Մինչ օպերային թատրոնի ստեղծումը, գրեթե 10 տարի նա համագործակցել է Շարա Տալյանի գլխավորած օպերային-օպերետային խմբում, որը գործում էր Գյումրիում (Տիգրանյան՝ «Անուշ», Գունո՝ «Ֆաուստ»): Այս ժամանակահատվածում Հայկանուշ Դանիելյանը պարբերաբար հանդես է եկել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում: 1933-ին, երբ Երևանում բացվեց Օպերային թատրոնը, Հայկանուշ Դանիելյանը ստեղծագործական իր ամբողջ կյանքը նվիրաբերեց հայրենի թատրոնի կայացմանը: Նրան են վստահվում առաջին անգամ բեմադրվող ներկայացումների գլխավոր դերերը: Երգչուհին ճանաչվում է Անուշի (Տիգրանյան՝ «Անուշ»), Օլիմպիայի (Չուխաջյան «Արշակ 2-րդ»), Մարգարիտայի (Գունո՝ «Ֆաուստ»), Ռոզինայի (Ռոսինի՝ «Սևիլյան սափրիչը»), Դեզդեմոնայի (Վերդի՝ «Օթելլո»), Անտոնիդայի (Գլինկա՝ «Իվան Սուսանին») պարտիաների անզուգական կատարումներով:

            1939-ին՝ Հայկական մշակույթի առաջին տասնօրյակին երգչուհուն շնորհվում է ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհու կոչում, իսկ 1946-ին Հայկանուշ Դանիելյանն արժանանում է առաջին կարգի պետական մրցանակի: Արտիստուհու ստեղծագործական գործունեությունը չէր սահմանափակվում միայն օպերային ներկայացումներում դերերգելով. նա նաև կամերային երգեցողության մեծ վարպետ էր: Միաժամանակ հանդես է եկել համաշխարհային դասական կոմպոզիտորների և հայ ժամանակակից երգահանների ստեղծագործությունների կատարմամբ: Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի ստեղծագործությունների կողքին նա հնչեցնում էր Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի, Ն. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի, Ալ. Դոլուխանյանի, Ա. Տեր-Ղևոնդյանի, Էդ. Միրզոյանի գործերը, որոնց անդրանիկ կատարումները Հայկանուշ Դանիելյանին են պատկանում:
            Հայկանուշ Դանիելյանի գործը շարունակող կա: Նրա իսկական ժառանգորդուհին երգչուհու ծոռնուհին է՝ Ջուլիետ Գալստյանը: Ապրելով հայրենի երկրից հեռու, սակայն հաճախ Հայաստան այցելելով, Ջուլիետը ստեղծագործական բուռն կյանքով է ապրում: Նրա նպատակն է՝ ոչ միայն պայծառ պահել մեծ տատիկի հիշատակը, այլև լավագույնս ներկայացնել հայրենի երկրի անունը ողջ աշխարհում:




Комментариев нет:

Отправить комментарий