суббота, 9 марта 2013 г.

ՆԱ ԷԼ ԳՆԱՑ.....


Տարօրինակն այն էր, որ մի ողջ շաբաթ Հակոբ Հակոբյանին զանգելու`Վարպետին այցելելու միտքն էր ուղեղումս պտտվում: Մտածում էի`շուտով նկարչի  90-ամյա հոբելյանն է`գնամ պարզապես ֆոտոռեպորտաժ պատրաստեմ` շատ չխոսեցնեմ ու չհոգնեցնեմ `պարզապես նրան նկարեմ իր արվեստանոցում`իր նկարների հետ……
Հակոբ Հակոբյանի հետ ծանոթացել եմ 2007 թվականի ձմռանը, երբ <<Իրավունք>> թերթում էի աշխատում: Երբ ներս մտա նրա տուն-արվեստանոց, մի քիչ անակնկալի եկա` նկարիչների արվեստանոցներին բնորոշ <<թափթփվածությունը>> չկար` ամեն ինչ շատ կոկիկ էր ու հավաք`ես հասկացա, որ այնտեղ ամեն ինչ իր ճշգրիտ տեղն ունի ու ոչինչ ենթարկման չէ փոփոխության……..Հակոբ Հակոբյանը բարյացակամորեն ընդունեց ինձ`նրա ոգևորությունը զուսպ ոգևորություն էր, բառերը` չափված- ձևած ` ինչպես իր կտավները: Այդ օրը մենք հայ կերպարվեստից`հատկապես 60-ականներից խոսեցինք: Նա  ասաց, որ իրեն երբևէ չեն նեղել ու սահմանափակել`հակառակը` ինքն այդ տարիներին է կայացել: Նա երկար Մինասի մասին խոսեց, ասաց, որ նրա  Հայաստանն ու գույներն է սիրում , հետո էլ` ավելացրեց`Գիտես, ես անոր պես  գույներ չեմ զգա, իմ գույներս սուղ են, բայց ինծի էլ ընդունեցին ու  սիրեցին: Վարպետն այդ օրը ինձ իր <<Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս>> հոդվածների և հարցազրույցների հավաքածուն նվիրեց  ու ասաց`դուն էլի կգաս: Անկեղծ ասած, էլ չգնացի ու չգիտեմ թե  ինչու…
Նա իրական, ճշմարիտ կյանքի նկարիչ էր, նա իր մտքերի, իրեն բնորոշ հոգեկերտվածքի արվեստագետն էր` շատ ազնիվ`ինքն իրեն նման, անկրկնելի:Նույն տարի  հուլիսի 20-ին`Մինասի ծննդյան օրը, Ջաջուռ էինք մեկնում և հենց  այդ օրը` այդ  ճանապարհին, բացահայտեցի ու իմը  դարձրեցի Հակոբ  Հակոբյանի նկարները`նրա  լենինականյան շարքը` հողեղեն  ճանապարհները,  հոսանքի սյուներն ու փշալարերը` դա իրական Հայաստանն էր…














Երկու տարի անց `2009 թվականի ապրիլին Նկարիչների Միությունում Հակոբյանի անհատական ցուցահանդեսն էր, այդ ժամանակ  ես նոր –նոր էի մտերմացել Էդուարդ Արծրունյանի հետ` նա իմ առաջին դիմանկարն էր վրձնում: Այսօրվա պես հիշում եմ ` Արծրունյանը հարցրեց`Անո ջան, ի՞նչ կա չկա քաղաքում, ասեցի` Հակոբյանի ցուցահանդեսն է բացվել ու նա  շտապեց զանգել` շնորհավորելու ընկերոջը…..Հետագայում Հակոբյանի հետ առնչություններս Արծրունյանի հետ էր կապված `աշնանն էլ Արծրունյանի անհատականն էր, հետո…….
Հետոն այն է, որ 60-ականների ավագ սերնդից էլ նկարիչ չմնաց`հիմա նրանք այնտեղից են մեզ հետևելու……

Комментариев нет:

Отправить комментарий